Երեկ Մայր Աթոռի դեմ ԱԱԾ-ի կազմակերպած գրոհից և Սրբազանի հանձնումը Քննչականին բարեհաջող կազմակերպելուց հետո այսօր առավոտյան Նիկոլ Փաշինյանը պարգևատրեց ԱԱԾ երիտասարդ գեներալ Անդրանիկ Սիմոնյանին՝ ԱԱԾ տնօրենի ԺՊ-ից նրան դարձնելով ԱԱԾ լիիրավ ղեկավար։
Սա նշանակում է, որ ընդդիմադիր հայացքներ ունեցող հանրային, քաղաքական դեմքերին լավ օրեր չեն սպասվում, քանզի Սիմոնյանը, լինելով Նիկոլ Փաշինյանի «լյուբիմչիկը» և նրան անվերապահ ծառայող սպա, կկատարի իր շեֆի ցանկացած անմարդկային և անօրեն հրահանգ՝ ճնշելու ընդդիմադիր հայացքներ ունեցողներին։ Ենթադրելի է, որ Անդրանիկ Սիմոնյանի հրահանգով կլինեն համատարած ապօրինի գաղտնալսումներ, հետապնդումներ և ձերբակալություններ։
Այնպես չէ, թե Արմեն Աբազյանի օրոք ԱԱԾ-ն սուրբ և հականիկոլական կառույց էր և չէր սպասարկում Նիկոլ Փաշինյանի ու նրա իշխանության շահերը։ Պարզապես, Աբազյանը, ի տարբերություն Սիմոնյանի, որոշակի կարմիր գծեր ուներ և որոշ հարցերում իսկապես կարողանում էր ընդդիմանալ իրեն այդ պաշտոնին նշանակողին, և ամեն մի խելացնոր հրահանգ չէ, որ անվերապահ կատարում էր։ Դրա ապացույցը մամուլում հայտնված տեղեկությունն է, որ Աբազյանը հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի հրահանգով գնալ և «ասֆալտին փռելով» և մասկի շոու կազմակերպելով ձերբակալել ռուսաստանաբնակ հայ միլիարդատեր Սամվել Կարապետյանին։ Դրա համար էլ հենց նույն օրը գիշերը Փաշինյանը որոշեց, որ Աբազյանը «հոգնել է» իր հնգամյա ծառայությունից և «կարիք ունի մի փոքր հանգստանալու»։
Իրականում, Աբազյանի ղեկավարման օրոք էլ, էլի, նույն Անդրանիկ Սիմոնյանն էր տակից դե ֆակտո կառավարում ուժային այդ կառույցը, պարզապես դե յուրե որոշումներ կայացնելու հարցում Արմեն Աբազյանը, էլի, որպես ի պաշտոնե ղեկավար, կարողանում էր որոշ հարցերում շեղվել ակնհայտ նիկոլական գծից։ Բացի այդ, Աբազյանը գոնե ԱԱԾ երկարամյա աշխատակից էր և հերթական աստիճանակարգությամբ տնօրենի պաշտոնին հասած և գեներալի ուսադիր ստացած սպա էր, ոչ թե իր գործընկեր դատավորի դեմ «դանոս գրելու հաշվին» ԱԱԾ-ում պաշտոն ու գեներալի ուսադիր ստացած մեկը։
Սա բնավ չի արդարացնում Արմեն Աբազյանի՝ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք առավելապես հենց այդ իշխանությանն ու անձամբ Փաշինյանի շուրջ հինգ տարի ծառայելու հանգամանքը, պարզապես համեմատության մեջ միշտ գործում է հայտնի ժողովրդական խոսքը, որ «մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»։
Ինչ վերաբերում է երեկվա գործողություններին, թե ինչպես եղավ, որ հասարակ հավատավոր ժողովրդի ու հոգևականների լայն աջակցությունն ունեցող Միքայել Սրբազանը, ի վերջո, «որոշեց» գնալ և ինքնակամ հանձնվել իրավապահ մարմիններին, ապա այդ մասին արդեն բազմաթիվ հրապարակումներ են արվել, այդ թվում՝ անվանական, թե ովքեր համոզեցին Սրբազան հորը՝ այդպես հեշտությամբ հանձնվել, ինչու այդպես եղավ և այլն։
Կոնկրետ փաստեր չունենալով՝ զերծ կմնանք անուններ հրապարկելուց, բայց չենք կարող չնկատել, որ ակնհայտորեն, եթե երեկ Սրբազանի աջակիցների ու գուցե հենց իր հոգևորական եղբայրների շրջանում չլինեին ծպտյալ նիկոլականներ կամ ԱԱԾ-ի հետ համագործակցող անձինք, եթե չասենք հենց գործակալներ, ապա Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը, տեսնելով իրեն աջակցող այդ հոծ բազմությունը, հազիվ թե այդպես հեշտությամբ իր ոտքով հանձնվեր նախաքննական մարմնին՝ լավ իմանալով, որ ժամեր անց կալանավորվելու է։ Եվ սա այն դեպքում, երբ Մայր Աթոռում հավաքված ժողովուրդն ու հոգևորականները՝ մեծ մասը բանից անտեղյակ և զուտ ազնիվ մղումներից ելնելով, պատրաստ էր կյանքի գնով պաշտպաներ Միքայել Սրբազանին, որ նա չհայտնվի նիկոլական «արդարադատության» ճիրաններում։
Բայց, արի ու տես, որ եղան մարդիկ, որոնք անտեսեցին ժողովրդական լայն զանգվածների ազնիվ պայքարն ու հույզերը և ինչ-ինչ ուժերի շահերը սպասարկելու դավադիր մղումներից ելնելով՝ Սրբազան հորը համոզեցին «զենքերը» վայր դնել ու հանձնվել նախաքննական մարմնին։ Չի բացառվում, Անդրանիկ Սիմոնյանն էլ իր հերթին պարգևատրի հենց այդ մարդկանց՝ իրեն ու Նիկոլ Փաշինյանին այդպիսի անգնահատելի ծառայություն մատուցելու համար։ Կարծում ենք՝ ժամանակի ընթացքում այս ամենը դուրս կգա ջրի երես, և կպարզվի, թե ով ով էր երեկվա «ճակատամարտում», որը Միքայել Սրբազանը հայտարարեց, թե հաղթել են։