Երեխաները կարող են օրական 80-150 գրամ ձմերուկի միջուկ ուտել, իսկ մեծահասակները՝ 500 գրամ, հայտնում է «Ռիա Նովոստի» գործակալությունը: Ընդ որում, ձմերուկը, ըստ ռուս մասնագետների, չի կարելի օգտագործել ածխաջրերով հարուստ սննդի հետ:

Մանկաբույժ Մարինա Լերմանը պնդում է, որ 2-3 տարեկան երեխայի համար նախատեսված ձմերուկի չափաբաժինը չպետք է գերազանցի 80-100 գրամը: 3-6 տարեկանում ձմերուկի միանգամյա ընդունումը կարելի է ավելացնել մինչև 150 գրամի: Իսկ մինչև 2 տարեկան երեխաներին ընդհանրապես խորհուրդ չի տրվում ձմերուկ օգտագործել, քանի որ այն կարող է սննդային ալերգիա առաջացնել:

Բժիշկ-թերապևտ Ելենա Տիխոմիրովան, իր հերթին, նշել է, որ մեծահասակներին խորհուրդ է տրվում օրական ուտել ոչ ավելի, քան 500 գրամ ձմերուկ՝ պայմանով, որ դրա հետ այլ ածխաջրեր չօգտագործվեն: Ըստ մասնագետի՝ ձմերուկ թույլատրվում է ուտել օրվա ցանկացած ժամի, բայց ոչ քնելուց առաջ:

«Պետք չէ սննդի մեկ ընդունման ժամանակ մեկ կիլոգրամ ձմերուկ ուտել, քանի որ մեր օրգանիզմը չի կարող միաժամանակ յուրացնել 60 գրամ մաքուր ածխաջրեր: Կստացվի, որ նա 20-30 գրամը կյուրացնի, իսկ մնացածը ճարպի կվերածի»,-նշել է Տիխոմիրովան:

Պարզվում է, որ ձմերուկը էականորեն բարելավում է մարդու ինքնազգացողությունը: Ահա թե ինչու են գիտնականները հայտարարել, որ ամռանը պետք է ձմերուկ ուտել ամեն օր: Ձմերուկը բազմաթիվ սննդարար նյութերով է օժտված:

Այդ նյութերից ամենաօգտակարն են լիկոպինը, վիտամին A-ն, ցիտրուլինը և վիտամին C-ն: Մասնագետների կարծիքով՝ վիտամին A-ի շնորհիվ ձմերուկը բարելավում է մաշկի վիճակը, ինչպես նաև խթանում է օրգանիզմի բոլոր հյուսվածքների աճը, խոնավեցնում ու բարելավում է մաշկի վիճակը:

Blog Image

Բացի այդ ձմերուկը ևս մեկ այլ շատ օգտակար հատկություն ունի. Այն օգնում է պահպանել սրտամկանի առողջությունը: Ձմերուկում առկա վիտամին C-ն, կարոտինոիդներն ու կալիումն օգնում են նվազեցնել արյան մեջ խոլեստերինի մակարդակն ու կանխել սրտի ծանր հիվանդությունների առաջացումը:

Բացի այդ, ձմերուկն oգնում է կանխել քարերի առաջացումը, քանի որ ավելացնում է մեզի քանակն՝ առանց երիկամների վրա ավելորդ ծանրաբեռնվածություն գործադրելու: