Նախօրեին երեկոյան ՊՆ-ն տարածեց մի անատամ հաղորդագրություն այն մասին, որ զորավարժադաշտում տեղի է ունեցել պայթյուն և կան տուժածներ: Ահա այն. «Հուլիսի 8-ին՝ ժամը 16:00-ի սահմաններում՝ ՊՆ N զորավարժադաշտում ուսումնական պարապմունքի ընթացքում, նախնական տվյալներով, ականանետային կրակոցի պայթյունի հետևանքով կան տուժածներ:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Տուժածների առողջական վիճակի վերաբերյալ, ըստ անհրաժեշտության, կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»:

ՊՆ այսօրվա հաղորդագրությունը ևս որևէ լույս չսփռեց, թե ի՞նչ է տեղի ունեցել ու, հատկապես, թե քանի՞ զինծառայող է տուժել.
«Տուժածների կյանքին վտանգ չի սպառնում, նրանք հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության ներքո են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն»,- ասված է հաղորդագրության մեջ:

Blog Image

ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը MediaHub-ի հետ զրույցում այլ տեղեկություններ չներկայացրեց: Մասնավորապես, հետաքրքրվել էինք, թե քանի՞ վիրավորի մասին է խոսքը, նրանցից քանի՞սն են դեռ բժիշկների հսկողության տակ  և, ի վերջո, ո՞րն է եղել պայթյունի պատճառը՝ մարդկային անփութություն, տեխնիկական խնդիր և այլն: Պատասխանը լակոնիկ էր. «Որևէ այլ տեղեկություն չեմ կարող հայտնել տրված հաղորդագրությունից զատ: Պատշաճ իրազեկում ենք իրականացրել, մանրամասներ չենք կարող հայտնել։ Հանգամանքների մասին առավել ևս չենք կարող հայտնել, որովհետև քննություն է ընթանում»։        

MediaHub-ի տեղեկություններով՝ վիրավորները 8-ն են, նրանք «Մուրացան» հոսպիտալ են տեղափոխվել Սիսիանից:

Էմմա Մարտիրոսյան