Այսօր՝ հուլիսի 11-ին, պայթյուն և ողբերգական մահվան դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։  ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սիսիանի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիսիան քաղաքի վարչական տարածքում գտնվող շինություններից մեկում պայթյուն է տեղի ունեցել և կա զոհ։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Սիսիանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Հրազդան Կոստանյանի գլխավորությամբ։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Նարեկ Մանուչարյանի գլխավորությամբ։

Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Ասքանազ Շահինյանն ու Գուրգեն Ղալամյանը։

Blog Image

 

Ըստ նախնական տեղեկությունների՝ պայթյունի հետևանքով մահացել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա Օնիկ Մ.-ն։

Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Դեպքի մասին ոստիկանության Սիսիանի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Արիստակես Գրիգորյանի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Սիսիանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։