Երեկ՝ հուլիսի 10-ին, առեղծվածային կրակոց է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «գլխի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել Շիրակի մարզային քրեական վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ֆիշյանը։Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վանիկ Սաղոյանի գլխավորությամբ։
Տեղում բժշիկները ոստիկաններին և պարեկներին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում և վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր։
Տեղում իրավապահները պարզել են, որ վիրավորը, ով ՌԴ քաղաքացի է, հիվանդանոց է տեղափոխվել Հայաստանում տեղակայված ՌԴ 102 ռազմաբազայից և նշված ռազմաբազայի զինծառայող 22-ամյա Ալեքսեյ Կրիվոխոդկոնն է։
Դեպքի փաստով Հայաստանի իրավապահները ոչ մի իրավական և քննչական գործողություն չեն կատարում, դրանով զբաղվում է ՌԴ 102 ռազբամաբազան։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, սպանության փորձ, թե ինքնասպանություն՝ պարզվում է։