Հայաստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ հարաբերությունների օրակարգում «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման հարց այլևս գոյություն չունի, որովհետև այն արդեն տրամադրված է։ Ներկայումս քննարկման գլխավոր թեման այն է, թե ո՞վ պետք է վերահսկի այդ միջանցքը։ 

Միանշանակ է, որ այդ միջանցքը չի վերահսկվելու Հայաստանի կողմից, ինչի մասին արդեն եղել է հայտարարություն։ Դատելով հայ-ռուսական գրեթե խզված հարաբերություններից ու տարածաշրջանում ստեղծված քաղաքական իրավիճակից, արվում է հնարավորինս ամեն ինչ, որպեսզի այդ կապուղին չվերահսկվի նաև Ռուսաստանի կողմից։ Բնականաբար եթե Փաշինյան-Էրդողան-Ալիև տանդեմին հաջողվում է ամբողջությամբ դուրս մղել Ռուսաստանին, այդ ճանապարհի վերահսկողությունը արևմտյան ուժերի անվան տակ տրամադրվելու է Թուրքիային, որպես վերջիններիս դաշնակիցը տարածաշրջանում, ինչն էլ իր հերթին նշանակում է Թուրքիայի ռազմական դիրքավորում Սյունիքում։

Շատերը միջանցք ասելով հասկանում են ընդամենը մի ճանապարհ, նման ցանկացած մեկ այլ ճանապարհի, որով հանգիստ երթևեկում են թե’ տվյալ պետության, թե’ օտարերկրյա մեքենաները, հետիոտներն անցնում են որտեղով հարմար լինի, մայթեզրերին վաճառում են միրգ ու բանջարեղեն, տեղ-տեղ էլ ծաղիկներ։

Մի խոսքով, կյանքն ընթանում է իր սովորական հունով ճիշտ այնպես, ինչպես օրինակ՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին։ Սակայն միջանցքն իրականում նշանակում է սուվերենության կորուստ, հատկապես, որ այն չի վերահսկելու հայկական կողմը, այսինքն Հայաստանը ոչ մի լիազորություն չի ունենալու իր սեփական տարածքների նկատմամբ։

Բացի բուն ճանապարհից, նրա շուրջ ձևավորվելու է բուֆերային գոտի, որտեղ տեղակայված են լինելու օտարերկրյա, ավելի ճիշտ` նրանց անվան տակ հանդեs եկող թուրքական զինվորականներ, քանի որ անվտանգության ապահովումն առանց զինված ներկայացվածության անհնար է պատկերացնել։ Այդ ողջ հատվածը ամբողջովին լինելու է թուրք-ադրբեջանական վերահսկողության տակ և ՀՀ որևէ քաղաքացի իրավունք չի ունենալու մուտք գործել այդտեղ, առանց թուրքերի թույլտվության։ Այսինքն, հայերը սեփական պետության տվյալ հատված մուտք գործելու համար պետք է անցնեն օտարերկրյա անցակետով, ենթարկվեն ստուգման ու հիմնավորեն, թե ինչո՞ւ և ո՞ւր են ուզում գնալ այդ ճանապարհով ու սպասեն համապատասխան թույլտվության կամ մերժման։

Սա առաջին փուլն է, որին հաջորդելու է արդեն տնտեսական էքսպանսիան։ Բնականաբար, միջանցքի շուրջ պետք է ձևավորվեն նաև համապատասխան ենթակառուցվածքներ, խանութներ, սննդի, տեխսպասարկման ու տարատեսակ այլ կենտրոններ, հյուրանոցներ և այլն։ Այդ ամենը կառուցվելու է թուրքական կապիտալով, Թուրքիայի կողմից ու վերջիններիս աշխատուժով։ Այս ողջ գործընթացը բացի ազգայինից, հանգեցնելու է նաև տնտեսական աղետի, որովհետև մոտակայքում գործող հայկական նմանատիպ և ոչ մի բիզնես հնարավորություն չի ունենալու մրցակցել թուրքականի հետ։ Արդյունքում հայերը ստիպված են լինելու կա’մ լքել իրեց բնակավայրերը, որովհետև առաջանալու է հանապազօրյա հացը վաստակելու խնդիր, կա’մ ստիպված լինեն աշխատանք փնտրել թուրքերի մոտ, եթե, իհարկե, վերջիններս համաձայնեն։ Համաձայնության դեպքում՝ հայերը սեփական երկրում դառնում են թուրքերին սպասարկող զանգված, մյուս դեպքում՝ Սյունիքն աստիճանաբար հայաթափվում է։ Այսպես թե այնպես, Սյունիքը կանգնելու է հայաթափման եզրին, քանի որ թուրքական էքսպանսիան շատ արագ տարածվելու է, որից զերծ չի մնա նաև Վայոց ձորը։

Որպես օրինակ կարող ենք բերել Վրաստանի Բաթումի քաղաքն իր հարակից բնակավայրերով, որտեղ ամբողջովին թուրքական կապիտալ է, սակայն Աջարիան չի վրացաթափվել միայն այն պատճառով, որ թուրքերը վրացիների հանդեպ չունեն ատելություն ու չեն դիտարկում Մեծ Թուրանի գաղափարի իրականացման խոչընդոտ, բացի դրանից, ի տարբերություն Հայաստանի, Վրաստանում կա ազգային իշխանություն, որն առաջնորդվում է սեփական երկրի շահերով։

Այս փուլի ավարտին հաջորդելու է «ադրբեջանցիների վերադարձը», որին Փաշինյանը նույնպես տվել է իր համաձայնությունը։

Իհարկե, կրկին անվանումները տարբեր կլինեն ճիշտ այնպես, ինչպես «Զանգեզուրի միջանցքի» դեպքում։ Ալիևը այն կանվանի վերադարձ «Արևմտյան Ադրբեջան», Փաշինյանը կկոչի վերադարձ «հայրական տներ», բայց դրանից ողբերգական հետևանքները չեն թեթևանա։ Արդեն իսկ խոսվում է, որ ապագայում Հայաստանում ադրբեջանցիների բնակավայրերը պետք է ունենան որոշակի ինքնուրույնություն, սեփական անվտանգությունն ապահովելու հնարավորություն…, այլ խոսքով՝ կիսանկախ վիճակ։ Այսինքն, եթե առաջին դեպքում հայերը լիազորություն չեն ունենալու միջանցքի նկատմամբ, երկրորդ դեպքում՝ մի ամբողջ բնակավայրերի։

Blog Image

Մենք սխալվում ենք, երբ ասում ենք, որ Հայաստանը մոտ է պետականության կորստին, իրականում Հայաստանն արդեն հատել է այդ եզրագիծը ու վաղուց միջազգային սուբյեկտից վերածվել օբյեկտի։ Այս ողջ գործընթացներում Հայաստանը ոչ թե կողմ է, այլ դիտորդ, որոշումները կայացվում են ոչ թե նրա կողմից, այլ հանձնվում ի կատարման, հանդիպումների ժամանակ Փաշինյանը ոչ թե քննարկում է, այլ ընդունում ի գիտություն։

Ու թող որևէ մեկը չկարծի, որ գույները խտացված են, որովհետև նույնիսկ այդ գույների մի թեթև նոսրացումն էլ չի մեղմում սպասվելիք աղետների մասշտաբները։ Սակայն նաև թող չստեղծվի հուսահատության տրամադրություն ու թուրք-ադրբեջանական ամենազորության պատրանք։ Նրանց հաջողության գլխավոր գրավականը Փաշինյանն է՝ փոխվում է վերջինս, թուրքերն ու ադրբեջանցիները զրկվում են իրենց հաղթաթղթից։

Կարեն Կարապետյան