«Հրապարակ» օրաթերթը գրել է․

ՀՀ Քննչական կոմիտեն երեկ ազդարարեց, որ 27 տարի առաջվա աղմկահարույց հանցագործությունը՝ ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, բացահայտվել է. «Ս. Ա.-ն, Հ. Ն.-ն եւ Ա. Ա.-ն 1998 թվականի դեկտեմբերի 10-ին, շահադիտական դրդումներով, Ս. Ա.-ի կազմակերպմամբ եւ համակատարմամբ, իրականացրել են ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը, ինչպես նաեւ՝ ապօրինի կերպով ձեռք են բերել եւ պահել հրազեն»։ Սպանության դրդապատճառը, ըստ ՔԿ-ի, շահադիտական նկատառումներն են եղել: «Ս. Ա.-ն, հանդիսանալով զինծառայող, նպատակադրվել է շահադիտական շարժառիթով կազմակերպել ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահրամ Խորխոռունու սպանությունը»: Կատարողներին տրվել է 10 եւ 15 հազար դոլար, բայց թե ով է եղել պատվիրատուն, ՔԿ-ն չի հայտնում, նշում է երեք անուն՝ Ս. Ա., որպես սպանության կազմակերպիչ, Հ. Ն․ եւ Ա. Ա․ եւ, չգիտես ինչու, հատուկ շեշտում է, որ նրանք ԼՂՀ բնակիչներ էին: Առաջինը, մեր ստույգ տեղեկություններով, գեներալ Սամվել Բաբայանի թիկնազորի պետ Սասուն Առուշանյանն է:

Այն ժամանակ Սամվել Բաբայանը ԼՂՀ կառավարության եւ նախագահին կից անվտանգության խորհրդի անդամ էր: Առուշանյանը ձերբակալված է, նրա նկատմամբ հարուցվել է հետապնդում Քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ կետով (շահադիտական դրդումներով կատարված սպանություն) եւ 335-րդ հոդվածի 1-ին մասով (հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը): Ըստ գործի նյութերի՝ 1998 թ. դեկտեմբերի 9-ի երեկոյան նա Հանրապետության հրապարակում հանդիպել է Ա. Ա.-ին եւ Հ. Ն.-ին, Հ. Ն.-ի վարած մեքենայով ուղեւորվել Խորխոռունու բնակության վայր` Սայաթ-Նովա 39, որտեղ դարանակալել են: Հ. Ն.-ն սպասել է ավտոմեքենայում, իսկ Ս. Ա.-ն եւ Ա. Ա.-ն գտնվել են շենքի մուտքի մոտ։ «Ժամը 00։30-ի սահմաններում, երբ Վահրամ Խորխոռունին իր բնակարան գնալու համար մտել է շենքի մուտք, առաջին հարկի աստիճանահարթակում Ս. Ա.-ն եւ Ա. Ա.-ն ... հրազենից նրա ուղղությամբ արձակել են 5 կրակոց, որոնցից երեքը՝ դեմքի, երկուսը՝ ձախից կրծքավանդակի թիկնային մակերեսի շրջաններին, ինչի հետեւանքով վերջինս տեղում մահացել է»,- գրում է ՔԿ-ն:

Հաղորդագրության մեջ նշված Հ. Ն․-ն Հրայր Նարիմանյանն է, որի անունը նոր չէ: Նախկինում նա Խորխոռունու սպանության գործով կալանավորված էր: 2000-ին Նիկոլ Փաշինյանի «Հայկական ժամանակը» հրապարակել էր Հրայր Նարիմանյանի նամակը, որում վերջինս պատմում էր, թե ինչպես է Աղվան Հովսեփյանի ղեկավարած կառույցն իրեն մեղադրել իր ծանոթի՝ Արմեն Առաքելյանի սպանության համար, եւ քանի որ Խորխոռունու սպանությունը նույն օրն էր եղել՝ 1998 թ. դեկտեմբերի 10-ին, իրեն ստիպում էին իր վրա վերցնել այդ 2 սպանությունները՝ ծեծելով իրեն, ձերբակալելով կնոջը, սպառնալով բռնել նաեւ եղբորը:

Նարիմանյանը պատմել էր, որ իր վրա է վերցրել Արմեն Առաքելյանի սպանությունը, սակայն այն բանից հետո, երբ իրեն այցելել է Վազգեն Սարգսյանը, որը չէր հավատում դատախազության վարկածին, Խորխոռունու հարցով իրեն հանգիստ են թողել: Հ. Նարիմանյանը դատապարտվել է Արմեն Առաքելյանի սպանության համար 15 տարվա ազատազրկման: Ստացվում է, որ եթե հավատանք Քննչական կոմիտեին, նույն Արմեն Առաքելյանը, որը նույն օրը մահացել էր, մասնակցել է Խորխոռունու սպանությանը:  Այն ժամանակ հանրությունը հակասական վերաբերմունք ունեցավ Նարիմանյանի նամակին, որը սենսացիա էր, անշուշտ: Այն լայնորեն քննարկվում էր, թերթերը հարցազրույցներ էին անում Նարիմանյանի կնոջ հետ: Ոմանք հավատում էին Նարիմանյանին, ոմանք՝ ոչ: Եվ այսօր գործը քննող քննիչները վերադառնում են Աղվան Հովսեփյանի վարկածին՝ որ Նարիմանյանն է եղել Խորխոռունու վրա կրակողներից մեկը: Այն վարկածին, որը, ըստ Փաշինյանի ՀԺ-ի, հորինված էր ու չապացուցվեց:Այսպիսով, ՔԿ-ն ընդամենը օրինականացրել է գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի օրոք առաջ քաշված վարկածը, որն այն ժամանակ չի հաստատվել, եւ այն ժամանակ ծագած հարցերը հիմա էլ անպատասխան են: Եվ գլխավորն այն է, թե ով էր պատվիրել Խորխոռունու սպանությունը:

Blog Image

Իսկ որ սպանությունը պատվիրատու ուներ, ի սկզբանե պարզ էր: Խորխոռունին իր ժամանակվա ամենաազդեցիկ գործիչներից էր, Վազգեն Սարգսյանի մտերիմը, պրոֆեսիոնալ ոստիկան, 6-րդ վարչության պետն էր եղել, իսկ պատերազմի ծանր շրջանում՝ Ստեփանակերտի պարետը: Հետո ղեկավարել էր ռազմական ոստիկանությունը, 97-ից ՊՆ սպառազինության գծով փոխնախարարն էր: Ներքաղաքական իրավիճակը 98-ի վերջում բարդ էր ու լարված: Խորխոռունու սպանությունը ձեռնտու էր շատերին, հատկապես՝ Վազգեն Սարգսյանի թշնամիներին: Պատահական չէր, որ ՊՆ-ն 100 հազար դոլար էր խոստացել սպանության բացահայտման համար: Ո՞վ եւ ինչո՞ւ էր պատվիրել Խորխոռունու սպանությունը՝ այս հարցը հիմա էլ մնում է օդում կախված: Սամվել Բաբայանի թիկնազորի պետի ինչի՞ն էր պետք՝ սպանել նրան: Հնարավոր է, որ այս տեղեկությունը հաղորդել է Սամվել Բաբայանը, որն օրեր առաջ դիմել էր ՔԿ՝ Վահրամ Խորխոռունու գործով: Ս. Բաբայանի հետ կապ հաստատել չհաջողվեց: Ամենայն հավանականությամբ, այս գործը դեռ շատ ջուր է վերցնելու: Չի բացառվում, որ մեղադրյալների շրջանակն ընդլայնվի:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։