Ամառային շոգին, երբ հասունանում են ձմերուկները, հաճույքից մի՛ զրկեք ձեզ և անպայման համտեսեք մի քանի կտոր։ Ձմերուկն օգնում է պահպանել օրգանիզմի ջրային բալանսը, օգտակար է սրտի և մաշկի առողջության համար։ Ինչպես marthastewart.com կայքի համար նշել են փորձագետները, ձմերուկը կարելի է վայելել տարբեր ձևերով՝ ուտել առանձին, ավելացնել աղցաններին կամ դրա հիման վրա պատրաստել ամառային զովացուցիչ սմուզիներ։
Ձմերուկ՝ ջրային բալանսի և քաշի կորստի համար
Դիետոլոգ և խոհարարական գրքի հեղինակ Միկա Սիվան նշում է, որ ձմերուկը հիանալի կերպով պայքարում է ջրազրկման վտանգի դեմ, որը ամառային ամիսների գլխավոր խնդիրներից է։ Ի վերջո, ձմերուկը մոտ 92%-ով բաղկացած է ջրից և հեղուկի հիանալի աղբյուր է։ Իսկ դիետոլոգ և խոհարարական արվեստի դասախոս Սյուզան Գրիլին հավելում է, որ ջրի զգալի քանակի հետ մեկտեղ ձմերուկը պարունակում է նաև այնպիսի կարևոր հանքանյութեր, ինչպիսիք են կալիումը, ֆոսֆորը և մագնեզիումը։
Ձմերուկի մեջ պարունակվող ջուրը հագեցվածության զգացում է տալիս և կարող է դառնալ քաշի կորստի և վերահսկման գաղտնի զենքը։
Այլ մրգերի համեմատ, ձմերուկը ցածր կալորիականությամբ մթերք է, որը ջրի բարձր պարունակության շնորհիվ կօգնի ձեզ ավելի երկար հագեցած զգալ։
Ձմերուկը հարուստ է վիտամիններ A-ով և C-ով՝ հակաօքսիդանտներով, որոնք կարևոր դեր են խաղում մաշկի առողջության և իմունիտետի ամրապնդման գործում։
Սրտի առողջության համար կարևոր օգուտները
Թեև ձմերուկի մեջ մանրաթելերի պարունակությունը համեմատաբար ցածր է (մոտ 0,4 գրամ 2/3 բաժակում), մյուս սննդարար նյութերն այն դարձնում են արժեքավոր սննդի աղբյուր։
«Ձմերուկի հյութը այնպիսի միացությունների լավ աղբյուր է, ինչպիսիք են արգինինը, ցիտրուլինը և լիկոպինը։ Դրանք ունեն սրտապաշտպան հատկություններ»
Ինչպե՞ս ճիշտ ուտել ձմերուկը
Թեև ձմերուկը հարուստ է սննդարար նյութերով, հյութ քամելիս դրա մանրաթելերի մի մասը կորչում է։ Գրիլին պնդում է, որ հյութի մեջ պահպանվում են բավարար քանակությամբ ամինաթթուներ և հակաօքսիդանտներ՝ օգտակար լինելու համար։ Սակայն հյութն ավելի խիտ և քաղցր է դառնում, քան նույն քանակությամբ ամբողջական ձմերուկը։
Ամենաօգտակարը ձմերուկն ամբողջական վիճակում ուտելն է՝ կտոր առ կտոր։ Ուտելի են նաև կեղևն ու սերմերը։ Կեղևը կարելի է մարինացնել կամ դրանից չիր պատրաստել, իսկ սերմերը՝ բովել։
Այսպիսով, ձմերուկը ամառային սննդակարգի հիանալի բաղադրիչ է, եթե այն օգտագործվի չափավոր և որպես բազմազան ու հավասարակշռված սննդակարգի մաս։