Չնայած ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի հայտագրումն արդեն մեկնարկել է, բայց ուսուցիչների մոտ բազմաթիվ են հարցերը, օրինակ` նրանց համար դեռ պարզ չէ` լինելո՞ւ են շտեմարաններ՝ ատեստավորմանը պատրաստվելու համար, թե` ոչ։ «Հանդիպումների ընթացքում տիկին Անդրեասյանն ասաց, որ մինչ ատեստավորումը կլինեն ուսուցիչներին հասանելի շտեմարաններ, իսկ այսօր տիկին Սվաջյանն ասում է, որ դրանք ուսուցիչներին անհասանելի են լինելու, ինչպե՞ս կպարզաբանեք»,- նշել էր ուսուցիչներից մեկը, որին երկրորդել էին այլ ուսուցիչներ եւս.
«Հանդիպումների ժամանակ տիկին Անդրեասյանն ասել էր, որ լինելու են շտեմարաններ, որոնցից կարողանալու են օգտվել ուսուցիչները, հիմա էլ ասում եք՝ հասանելի չեն լինի ուսուցիչներին, խնդրում եմ պարզաբանել այս հարցը»։
«Տիկին Սվաջյանի խոսքում լսեցինք, որ կամավոր ատեստավորմանը պատրաստվելու համար շտեմարան չի լինելու, որը մտահոգության լուրջ առիթ տվեց։ Եթե հարցաշարը չհրապարակվի, դա հերթական անգամ կստեղծի անորոշություն եւ կարող է բացասաբար ազդել ուսուցիչների մոտիվացիայի եւ պատրաստվածության վրա»։ «Աշխարհագրության ուսուցիչներին ասվել էր, որ լինելու են շտեմարաններ»։
«Սա հերթական վստահության խախտումն է։ Այդ իսկ պատճառով, խնդրում եմ Ձեզ՝ վերանայել այս որոշումը եւ հնարավորության դեպքում հրապարակել շտեմարանները։ Այն կամրապնդի ուսուցիչների վստահությունը ատեստավորման համակարգի նկատմամբ եւ կխթանի նրանց մասնագիտական զարգացմանը»,- ֆեյսբուքյան տարբեր խմբերում եւ հենց նախարարության էջում այսպես էին արձագանքել բազմաթիվ մասնագետներ։
Ուսուցիչներին հուզող շտեմարանների հարցով դեռ որեւէ հստակ պարզաբանում չի տրվել, իսկ այս օրերին մեկնարկած օգոստոսյան խորհրդակցությունների ժամանակ փոխնախարար Սվաջյանը միայն նշել է, որ ատեստավորման ուղեցույցներն արդեն հրապարակված են, իսկ հայտագրումը բաց է մինչեւ սեպտեմբերի 30-ը։