Ուղիղ աղին աղեստամոքսային համակարգի մաս է կազմում: Հաստ և ուղիղ աղիներում ավարտվում է մշակված սննդանյութերի ներծծումը: Ինչպես գրում է steptohealth.ru կայքը, հաճախ ուղիղ աղու քաղցկեղը հիվանդության վաղ փուլերում առանձնահատուկ նախանշաններ չի ունենում: Այդ պատճառով կարևոր է իմանալ դրա դրսևորումների մասին, պարբերաբար ախտորոշիչ թեստեր անցնել, եթե հիվանդության նկատմամբ գենետիկ նախատրամադրվածություն ունեք: Որոշ երկրներում այս հիվանդությունը մահացության հիմնական պատճառներից մեկն է: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է նշել, որ դրա բուժման արդյունավետության ցուցանիշները ևս բարձր են, հատկապես այն դեպքում, երբ հիվանդությունն ախտորոշվում է ժամանակին: Վաղ ախտորոշումը և ճիշտ բուժումը կենսական կարևոր նշանակություն ունեն:

Ուղիղ աղու քաղցկեղ և ռիսկի գործոններ

 

Գոյություն ունեն գործոններ, որոնք մեծացնում են ուղիղ աղու քաղցկեղի առաջացման հավանականությունը.

• 60-ից բարձր տարիք
• պոլիպներ աղիներում
• աղիների քրոնիկական խանգարումներ
• սխալ սնունդ` կարմիր մսի և երշիկեղենի, վնասակար յուղերի և ռաֆինացված մթերքների բարձր պարունակությամբ
• ծխախոտ և ալկոհոլ
• դիաբետ
• նստակյաց կենսակերպ
• ավելորդ քաշ:

Blog Image

Հիմնական նախանշաններից մեկը կարող են լինել փոփոխություններն աղիների աշխատանքի ռեժիմում: Հիվանդը հանկարծակի կարող է սկսել դիարեայով տառապել` չնայած նրա սննդակարգն ու սնվելու ոճը չեն փոխվել: Այսպիսի խնդիրները ժամանակի ընթացքում կարող են հանգեցնել որովայնի հատվածում ցավերի, առանց պատճառի թուլության և հյուծվածության, քաշի նվազման:

Ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել

Չնայած նշված նշանները վախեցնող են, պետք է հիշել, որ դրանք կարող են այլ, ոչ այդքան վտանգավոր խնդրի հետևանք լինել: Այդ է պատճառը, որ ժամանակին մասնագետի օգնությանը դիմելն այդքան կարևոր է: Աղիների հետ կապված ցանկացած խնդրի պետք է հատուկ ուշադրություն դարձնել, եթե ունեք բարեկամներ, ովքեր հաստ կամ ուղիղ աղու քաղցկեղով են տառապել, կամ, եթե ավելի վաղ ձեզ մոտ քաղցկեղի որևէ ձև է ախտորոշվել: