Կապանի բնակիչներն անհանգստացած են․ MediaHub-ին ահազանգած կապանցին նշեց, որ հինգ օր առաջ քաղաքում նկատել են ադրբեջանական մեքենաներով, թշնամի երկրի համազգեստով զինվորականների, որոնք ազատ շրջում էին Կապանով մեկ։ Մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ մեքենաների վրա պետհամարանիշներ չեն եղել, սակայն, մեքենայի վրա գրված էր «Turk»։

Վերջինս պատմեց.  «Կապանը այլևս այդքան էլ ապահով քաղաք չէ։ Հինգ օր առաջ մենք Կապանում նկատեցինք չորս ադրբեջանական ավտոմեքենա, որոնք քաղաք մուտք գործեցին Քաջարան-Կապան ճանապարհով, համարանիշները հանած էին, բայց դրա տեղը սպիտակ ֆոնի վրա գրված էր «Turk»: Բացի այդ, նրանք Ադրբեջանի ԶՈՒ համազգեստով էին.  մեքենան մտավ Բաղաբերդ թաղամասով ու գնաց քաղաքի կենտրոն»։

Մեր զրուցակցի խոսքով, շատ կապանցիներ են տեսել այդ մեքենաները, և իր ծանոթներից մեկը մոտեցել է ոստիկանին, ով նույնպես ականատեսն էր այդ երևույթի: Ոստիկանն արձագանքել է՝ «ես էլ տեղյակ չեմ, բայց մի անհանգստացեք»:

Blog Image

«Բայց ոնց չանհանգստանայինք, մանավանդ, որ նա չթողեց նկարենք։ Այդ մեքենաները քաղաքում շատ մարդ է տեսել, բոլոր բարեկամներս տեսել էին, բոլորս անհանգստացած էինք։ Հետո պարզեցինք, որ այդ մեքենաները երեկոյան անխոչընդոտ քաղաքից դուրս են եկել …»,- հավելեց նա։

Քանի որ մեզ ահազանգած քաղաքացին նշեց, որ ոստիկանը ևս տեսել է այդ ամենը, արձագանքել քաղաքացիների անհանգստությանը, MediaHub-ը դիմեց ՆԳՆ-ին՝ պարզելու, թե ի՞նչ է կատարվել, սակայն ստացանք սպասելի արձագանք․ 
«Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Ոչ մի քաղաքացի որևէ ոստիկանի նման դիմումով չի մոտեցել»։