Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Չարենցավան քաղաքի Չարենցի փողոցում «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում վարորդն է, ով չի արձագանքում հեռախոսազանգերին։ 


 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Չարենցավանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Իսկանդարյանի գլխավորությամբ և ՊԾ Կոտայքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, նույն գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի հրամանատար, օրվա պատասխանատու Սահակ Գալստյանի գլխավորությամբ։

Տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է. «Hyundai» մակնիշի ավտոմեքենայի ղեկին հայտնաբերվել է Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Ահարոն Ծ.-ի դին։
 

Blog Image

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ այսօր պետք է տեղի ունենար մահացածի որդու հարսանեկան արարողությունը։