Նիկոլ Փաշինյանի օրոք ընդդիմադիր գործիչներին չեն սպանում, իսկ նախկինների օրոք սպանում էին։ Սա ամեն առիթով կրկնում էին ՔՊ-ականները, երբ քննադատությունը վերաբերում էր ընդդիմադիր գործիչների, ընդդիմախոսների նկատմամբ հետապնդումներին ու հալածանքներին։

Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23:52-ին, ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ են հնչել։ Նախնական տվյալներով կա 2 զոհ, 1 վիրավոր։ Մահացածներից մեկը համայնքի ղեկավար Վալոդյա Գրիգորյանն է։

Ինչո՞ւ սպանեցին Փարաքարի համայնքապետին։

Փաստն այն է, որ սպանվել է քաղաքական գործիչ։ Վալոդյա Գրիգորյանը 2023թ․ ապրիլի 22-ին ընտրվել է «Ապրելու երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամ: 2021-2025թ․ Փարաքար համայնքի ավագանու անդամ է և Փարաքար համայնքի «Ապրելու Երկիր» խմբակցության ղեկավար։ 2025թ-ի ապրիլի 19-ին ստանձնել է Փարաքար համայնքի ղեկավարի լիազորությունները։ Այս ընտրարաքարում իշխանության կուսակցությունը ջախջախիչ պարտություն է կրել։ Հանրային կասկածներ են շրջանառվում, որ ՔՊ-ում այս պարտությունը չեն մարսել։

Արդյո՞ք սպանությունը քաղաքական համատեքստ ուներ։ Հարցը միանշանակ պատասխան չի ստանա։ Ինչպես նախկինում կատարված քաղաքական սպանությունների մեծ մասը չեն ստացել համարժեք գնահատական, այնպես էլ այս սպանության քաղաքական մոտիվների վերաբերյալ հանրային կասկածները, ենթադրաբար, կմնան չփարատված։

 

Մտահոգիչ է բուն փաստը, որ քաղաքական պաշտոն զբաղեցնողի սպանություն է տեղի ունեցել։ Նախկինում տեղի ունեցած քաղաքական սպանություններն, ըստ հանրային կասկածների՝ ունեին ոչ միայն ներքին, այլև արտաքին շահառու։ Մասնավորապես՝ կասկածներ էին շրջանառվում, թե դրանց հետևում ռուսական հատուկ ծառայություններն են, որոնք ազատ, անկաշկանդ գործում են ՀՀ-ում։ Արդյո՞ք Վալոդյա Գրիգորյանի սպանության մեջ ներգրավված են ռուսական հատուկ ծառայությունները։ Եթե այո, ապա կարելի է ասել, որ ՀՀ իշխանությունները, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա թույլ են տալիս ՌԴ հատուկ ծառայություններին հանցագործություններ կատարել ՀՀ-ում։

Եթե սպանությունը չունի քաղաքական համատեքստ, ոչ էլ արտաքին շահառու, ապա միևնույն է մտահոգիչ է, քանի որ սպանության պատվիրատուն ու կատարողը չեն կաշկանդվել, որ թիրախը քաղաքական պաշտոնյա է։ Քաղաքական համայնքը քաղաքական պաշտոնյայի սպանությունը սովորաբար ընկալում է որպես կրակոց ընդհանրապես քաղաքական գործչի, քաղաքական համակարգի, ժողովրդի ընտրության, ժողովրդի իշխանության, ժողովրդավարության վրա։ Այս առումով՝ Նիկոլ Փաշինյանը պարտավոր է հնարավոր միջոցներով աջակցել, որ սպանությունն արագ ու լիարժեք բացահայտվի։ Հակառակ պարագայում կտարածվի կասկած, որ Փաշինյանը պետության, ժողովրդի, ժողովրդավարության հետ կապ չունի։

Ի վերջո՝ այս սպանությունը պետք է սթափեցնի Նիկոլ Փաշինյանին, ՔՊ-ականներին, քաղաքական համայնքին, որոնք ատելության խոսք են տարածում, աղավաղում քաղաքական գործչի կերպարն ու առաքելությունը, տպավորություն ստեղծելով, թե քաղաքական գործիչն ու պաշտոնյան վատ մարդիկ են, ստախոս, սրիկա, դավաճան և այլն։ Կանխատեսելի էր, որ ատելության այսօրինակ գեներացիան կարող էր հանգեցնել հանցագործությունների, սպանությունների աճին։ Սակայն ոչ ոքի մտքով, հավանաբար, չէր անցնում, որ քաղաքական մրցակիցներին ուղղված ատելության խոսքը կարող է նպաստել, որ մարդասպանի ձեռքը չդողա քաղաքական պաշտոնյայի վրա զենք ուղղելու ժամանակ։

Կարճ ասած՝ Վոլոդյա Գրիգորյանի սպանությունը խարան է պետության դեմքին։ Ենթադրելի է, որ առաջիկայում տասնյակ մարդիկ կձերբակալվեն այս գործի շրջանակներում։ Սակայն կասկածելի է, որ Փաշինյանը, ՔՊ-ն, քաղաքական համայնքն ի զորու կլինեն անհրաժեշտ հետևություններ, քայլեր անելու ու ստեղծելու միջավայր, որ այսպիսի սարսափելի սպանություններ չկրկնվեն։

Թաթուլ Մկրտչյան