Ժելատինն ակտիվացնում է նյութափոխանակության բոլոր գործընթացները, որոնք տեղի են ունենում մաշկի մակարդակով. բարելավում է արյան շրջանառությունը, փափկացնում է մաշկը, սպիտակեցնում, հարթեցնում է մանր կնճիռները, մաքրում է ծակոտիները։

info.most.am-ը ձեզ է ներկայացնում դեմքի համար ժելատինային հինգ լավագույն դիմակները։

 

 

 

1. Երիտասարդացնող ժելատինային դիմակ՝ դասական բաղադրատոմսով։

Մեկ ճաշի գդալ ժելատինը լցրեք երեք ճաշի գդալ ջրի մեջ և սպասեք մոտ կես ժամ, մինչև ուռչի, այնուհետև տաքացրեք ջրային բաղնիքի վրա՝ մինչև ժելատինը ամբողջությամբ կլուծվի։ Սառելուց հետո այս լուծույթին ավելացրեք.

Յուղոտ մաշկի համար. 1 ճաշի գդալ կեֆիր և 1 ճ.գ. ցորենի ալյուր

Չոր մաշկի համար. 1 ճ.գ. 20% թթվասեր և 1 ճ. գ. վարսակի ալյուր կամ փոշու վերածված վարսակի փաթիլներ։

Այս ամենը լավ խառնեք իրար և քսեք մաքուր մաշկի վրա։ Պահեք 20 րոպե, հետո մաքրեք դեմքի վրայից՝ լոսյոնով թրջած տամպոնով։

2. Ժելատինով կաթնային դիմակ՝ չոր մաշկի համար

Ժելատինը թրջել, ինչպես նկարագրված է առաջին տարբերակում։ Ուռելուց հետո տաքացնել ջրային բաղնիքի վրա և թողնել, որ սառչի։ Լրացուցիչ բաղադրիչներ այս դիմակի դեպքում պետք չեն։ Դեմքի վրա այն բարակ թաղանթ է ձևավորում, որը 20 րոպե անց պետք է մաքրել գոլ կաթի մեջ թրջած տամպոնով։

3. Ժելատինային դիմակ՝ դեմքի սև կետերը մաքրելու համար

Ջրա–ժելատինային լուծույթը պատրաստվում է 1,5 ճ.գ. ժելատինը և 4 ճ.գ. ջուրը իրար խառնելով։ Ուռչելուց հետո հալեցնել կրակի վրա, ինչպես նկարագրված է առաջին տարբերակում։ Սառելուց հետո լուծույթը վրձինով քսել դեմքին՝ 2-3 շերտով։ Ամեն մի հաջորդ շերտը քսել, երբ նախորդն արդեն չորացել է։ Դիմակը պետք է 20-30 րոպե չորանա ձեր դեմքի վրա։ Կարևոր է, որ այդ ընթացքում դեմքի մկանները անշարժ լինեն։ Երբ ժելատինն արդեն լրիվ չորացել է, ծայրից բռնում և քաշում եք, այն թաղանթի նման դուրս է գալիս դեմքի վրայից։ Նրա վրա պետք է մնան բոլոր «սև կետերը»։ Դիմակի մնացորդները դեմքի վրայից լվացեք գոլ ջրով։ Դեմքը լոսյոնով մաքրեք և կրեմ քսեք։

4. Վարունգով սպիտակեցնող դիմակ

Միջին չափսի վարունգը լվանալ և մաքրել։ Մանր քերիչով անցկացնել կամ բլենդերով մանրացնել։ Ստացված զանգվածը քամել և այդ հյութի մեջ թրջել մեկ ճաշի գդալ ժելատինը։ Այնուհետև պատրաստեք ժելատինային լուծույթը, ինչպես նկարագված է վերևի օրինակներում։ Կարելի է լուծույթի մեջ 2 ճ.գ. գոլ կանաչ թեյ ավելացնել։ Լուծույթն այնքան սառեցնել, քանի դեռ չի սկսել թանձրանալ։ Վրձինով քսել դեմքին՝ մեկ–երկու շերտ։ Պահել 20-30 րոպե։

5. Սուրճով թարմացնող դիմակ

Այս դիմակի գաղտնիքը նրանում է կայանում, որ ժելատինը պետք է թրջել ոչ թե ջրի, այլ սուրճի մեջ։ Ժելատինը թրջելու համար վերցնում ենք սառած սուրճը, ժելատինի ուռչելուց հետո այն դնում ենք ջրային բաղնիքի վրա և հավասարաչափ խառնում ենք, մինչև լրիվ լուծվելը։ Սրճա–ժելատինային դիմակը դեմքին են քսում վրձինով։ Նկատի ունեցեք, որ այն դեմքին շագանակագույն երանգ է տալիս, որը թեթև արևայրուքի տպավորություն է թողնում։ Եթե նման վիզուալ էֆեկտներ ձեզ անհրաժեշտ չեն, դիմակից հետո դեմքը մաքրեք լիմոնի հյութով. այն կսպիտակեցնի։

Նյութը հրապարակման պատրաստեց info.most.am-ը

Աղբյուրը ՝ http://entertrain.1in.am