Հիպոթիրեոզը՝ վահանաձև գեղձի ամենատարածված հիվանդություններից մեկն է, որի դեպքում գեղձը բավարար քանակությամբ հորմոն չի արտադրում: Այս հիվանդությունն ազդում է բոլոր օրգանների ու համակարգերի աշխատանքի վրա: Այն խիստ բացասաբար է ազդում նաև մարսողական համակարգի աշխատանքի վրա, ինչի հետևանքով հիպոթիրեոզից տառապողների մոտ հաճախ է նկատվում ավելորդ քաշ:
Հիպոթիրեոզին բնորոշ ամենատարածված ախտանշաններն են.
· կարճ ժամանակահատվածում քաշի կտրուկ ավելացումը,
· մշտական հոգնածությունը,
· դեպրեսիան,
· ջղաձգումներն ու մկանային ցավերը,
· մազաթափությունը,
· եղունգների թուլացումն ու փխրունությունը,
· անպտղությունը,
· տրամադրության տատանումները,
· անքնությունը:
Նշված ախտանշաններից մեկի կամ մի քանիսի առկայության դեպքում հարկավոր է անհապաղ խորհրդակցել բժշկի հետ և սկսել բուժումը:
Բացի այդ, կան պարզ խորհուրդներ, որոնք կօգնեն հիպոթիրեոզի դեպքում բարելավել ինքնազգացողությունն ու ազատվել ավելորդ քաշից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից մի քանիսը:
1. Կատարել վարժություններ
Ֆիզիկական վարժությունները բարելավում են շնչառության օրգանների առողջությունը, ամրապնդում են մկաններն ու ոսկորները, այրում են ճարպերը, նպաստում են մկանային զանգվածի ավելացմանը, բարելավում են ինքնազգացողությունն ու տրամադրությունը:
2. Ուտել մանրաթելերով հարուստ մթերք
Գազարը, դդումն ու ճակնդեղը ոչ միայն համեղ են, այլև շատ օգտակար: Դրանք պարունակում են մեծ քանակությամբ մանրաթելեր, որոնք օգնում են արագացնել նյութափոխանակության գործընթացները և բարելավել մարսողական համակարգի աշխատանքը, ինչը շատ կարևոր է նիհարել ցանկացողների համար:
3. Խմել կանաչ թեյ
Կանաչ թեյը հարուստ է հակաօքսիդանտներով և նպաստում է քաշի նվազմանը: Բացի այդ, այն ազատում է սթրեսից, մաքրում է աղեստամոքսային տրակտն ու բարելավում է առողջությունը:
4. Շատ ջուր խմել
Ջուրն, առհասարակ, անհրաժեշտ է բոլորին, սակայն այն հատկապես կարևոր է նման խնդիրների դեպքում: Ջուրը ոչ միայն օգնում է խոնավացնել օրգանիզմը, այլև հագեցնում և նվազեցնում է քաղցի զգացումը, ինչն օգնում է նվազեցնել քաշը:
5. Ընթրիքին քիչ քանակությամբ սնունդ ընդունել
Օրվա ընթացքում կարելի է ուտել ցանկացած քանակությամբ, սակայն երեկոյան հարկավոր է նվազեցնել օգտագործվող սննդի չափաբաժինը, քանի որ սնունդն ազդում է քնի որակի ու մարսողական համակարգի աշխատանքի վրա: Մասնագետները խորհուրդ են տալիս ուտել քնելուց առնվազն 3 ժամ առաջ և փոքր չափաբաժնով:
6. Օգտագործել օգտակար ճարպեր
Բացի այդ, հարկավոր է սննդակարգը հարստացնել ձիթայուղով, կտավատի յուղով, քունջութի յուղով, կոկոսյան ընկույզի յուղով, ինչպես նաև օգտակար ճարպերով հարուստ ընկույզներով ու սերմերով:
7. Օգտագործել ամբողջահատիկ հաց
Սպիտակ ալյուրը բացասաբար է ազդում առողջական վիճակի վրա, ուստի մասնագետները խորհուրդ են տալիս օգտագործել ամբողջահատիկ հաց:
Հարկ է հիշել, որ սննդից հրաժարվելը ոչ մի դեպքում առողջարար սովորություն չէ: Այն կարող է խիստ վտանգավոր լինել, քանի որ այդ դեպքում օրգանիզմը զրկվում է անհրաժեշտ սննդարար նյութերից, ինչն էլ ավելի է վատացնում վիճակը:
Աղբյուր