Article image
Փաշինյանը գյուղեր այցից հետո ծանր տպավորությունների մասին բանաստեղծություն է գրել. այդպես էլ վերնագրեցի՝ «Ռանչպար»

«Արարատի մարզի Ռանչպար գյուղ կատարած այցից ծանր տպավորություններով վերադարձա: Գիտեի, որ այցի արդյունքներով ինչ-որ հետեւություն պիտի անեմ, ինչ-որ բան պիտի ասեմ:

Նախ մտածեցի գրառում անել, բայց հասկացա, որ գրառումով չեմ կարողանա ասել այն ամենը, ինչ ուզում եմ ասել: Ապա՝ մտածեցի ուղիղ եթեր մտնել, բայց հասկացա, որ ուղիղ եթերում էլ ասելիքս կաղալու է: Այս մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:

Արդյունքում ստացվեց մի այսպիսի բանաստեղծություն, որն այդպես էլ վերնագրեցի՝ «Ռանչպար»: Սա, իհարկե, զրույց է մարդկանց հետ, նաեւ՝ անելիքի ամփոփ ծրագիր, նաեւ հանձնարարական պետական բոլոր մարմիններին՝ իրենց անելիքի էության ու բնույթի մասին:

Ռանչպար

Երազանքը երազելու համար չէ լոկ, Երազանքի կյանք կերտելն է կոչումը մեր, Տառապանքի մութ հատակից այս անողոք, Մեր երազի թեւով պիտի թռչենք մենք վեր։

Մանուկների բորբ աչքերի կարոտը տես, Ու՞մ ճամփան է պահում նրանց հայացքը լուռ՝ Հույսից զրկված հայրերիդ, որ ստվերի պես Եկող ճամփով հեռանում եք դառն ու մրմուռ:

Բայց ծնկները մեր չեն ծալվի այս ամոթից, Մեծ տունդարձի արահետը ձեր կդառնանք, Այս գյուղերի ամեն անկյուն ու ամեն թիզ, Ձեր ձեռքերի կախարդանքո՛վ պիտ շենանա:

Մենք կվառենք ձեր աչքերի կրակն անթեղ, Երազանքը ձեր սրտերում կբորբոքենք, Կթրթռանք ձեր ճամփեքին որպես կանթեղ, Ու վերքերը հոգիների ձեր կամոքենք:

Որ դուք կանգնեք, որ դուք ելնեք՝ քայլեք խրոխտ, Լույսով ցրեք հեռացումի բոթը դաժան, Տառապանքի մութ հատակից այս անողոք, Բացեք դուռը Հայրենիքի երջանկության»: