1921-ի այս օրը` մարտի 15-ին Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարել է 1915-ի հայոց ջարդերի կազմակերպիչներից Թալեաթին և ձերբակալվել։ Սակայն 1921-ի հունիսի 2-ին գերմանական դատարանն անպարտ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին։

Վերջինս պաշտպանվել է երեք դատախազի կողմից, որոնցից մեկը Քիլի համալսարանից օրենսդրության պրոֆեսոր, բժիշկ Թեոդոր Նիմայերն էր։
«Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց»:

Թեհլերյանի դատավարությունը տևեց երկու օր: Դատապաշտպանը, որը լավ էր հասկացել Թեհլերյանի արարքը, ասել է. «Այդ պահին, երբ ամբաստանյալը (Սողոմոն Թեհլիրյանը) փողոց իջավ և ատրճանակը ուղղեց իր զոհի դեմ … այդ ինքը չէր, որ փողոց էր իջնում, նրա միջով իջնում էին դարերը, միլիոնավոր սպանվածները: Կարելի է ասել, որ նա իր առջևից տանում էր իր ամբողջ ժողովրդի պատվի դրոշը, դրոշը՝ խոշտանգվածների, դրոշը՝ իր լլկված ընտանիքի»:

Դատավարության ավարտին հայտնվում են երդվյալները և նրանցից մեկը կարդում է դատավճիռը.
«Պատվով ու խղճով վկայում եմ, որպես երդվյալների որոշում, մեղավո՞ր է ամբաստանյալ Սողոմոն Թեհլերյանը 1921-ի մարտի 15-ին Շառլոտենբուրգում մի մարդ` Թալեաթ փաշայի սպանելու մեջ: -Ո’Չ»,-Իր հուշերում գրել է Թեհլերյանը: