Եղիշե Չարենցի կյանքն ու գործը լի են գրապայքարովՙ ոչ միայն լեզվի, այլեւ գրականության բովանդակության ու գեղարվեստական ձեւերի նորացման հարցերում, եւ նաեւ այդ գրեթե ամենօրյա պայքարը նրան դարձնում է բացառիկ երեւույթ հայոց բազմադարյան հոգեւոր ճանապարհին: Իր ժամանակում նա յուրակերպորեն շփվեց մեր անցյալ-ներկա-գալիք օրերի հետ եւ ճշմարիտ խոսեցՙ «ես գալիս եմ դարերից եւ գնում եմ անխափան դեպի դարերը նորից»:

Անցած դարի 20-30-ական թվականներին դա չգիտակցվեց, նա համարվում էր վտանգավոր տաղանդ, որ քարի պես ընկած է գրականության զարգացման առջեւ, այժմ է գիտակցվում խորապես, վկա նաեւ այս հանդիսությունը եւ ձեր ներկայությունն այստեղ: Հետզհետե առավել ակնհայտ կդառնա Չարենցի ահռելի մեծությունը ոչ այնքան իբրեւ պատմություն, այլ որպես անփոխարինելի եւ մեզ հաց ու ջրի, հայրենիքի չափ անհրաժեշտ ներկայություն:

Շնորհավոր ծնունդդ մեծություն, շնորհավոր ծնունդդ բոլոր ժամանակների անփոխարինելի հզորություն…
Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարեւի, Ու՞մ հոգեհամբույր խոսքը կլսեմ: Ու՞մ ուրախացած դեմքը կարեւի՝ Բարեկամական հրճվանքով վսեմ: Ո՞վ կհամբուրի, ո՞վ կհեկեկա, Ո՞վ կհիանա անսուտ հրճվանքով: Գուցե աշխարհում, դուրսը մեկը կա, Որ ապրում է իմ անուրախ կյանքով: Գուցե իմ սրտում, երգերում իմ մութ, Խոսքերում՝ ասված իմ հոգու մասին — Հեռավոր մեկի անրջանքն եմ սուտ՝ Նետված աշխարհի անսուտ երազին:

Գուցե՝ ապրելով նրա երազում՝ Երգում եմ նրա տագնապները խոր — Եվ թվում է ինձ աշխարհի մուժում, Որ ի՛նձ եմ երգում, կյանքս մենավոր: — — Ողջո՜ւյն քեզ, անհայտ, անծանոթ ընկեր, Խաղաղությո՜ւն քեզ, հեռավոր եղբայր. — Ողջո՜ւյն ձեզ վաղվա չծնված կյանքեր: — Ես՝ եղբայրորեն ու մտերմաբար՝ Ողջունում եմ ձեզ անցած խավարի Իմաստուն, տխուր ժպիտով բարի …