Article image
Հեպատիտ C վիրուսի փոխանցման եղանակները. ի՞նչ անել, երբ ընտանիքում կա վարակակիր/հիվանդ

Ո՞վ է հաճախ հիվանդանում հեպատիտ C-ով

Հեպատիտ C-ով հիմնականում հիվանդանում են երիտասարդները: Սակայն հիվանդության «տարիքն» աստիճանաբար աճում է:

Աշխարհում 170 մլն. մարդ վարակված է քրոնիկ հեպատիտ C-ով: Ամեն օր վարակվում է 3-4 մլն մարդ: Այն տարածված է ողջ աշխարհում:

Որտե՞ղ է հնարավոր վարակվել հեպատիտ C-ով

Հեպատիտով վարակվել հնարավոր է դաջվածքներ և փիրսինգներ անելիս՝ համապատասխան սրահներում: Թեև, վիճակագրության համաձայն՝ վարակն առավել հաճախ տարածվում է ներարկային թմրամիջոցների խմբակային օգտագործման ժամանակ: Մեծ է վտանգը նաև քրեակատարողական հիմնարկներում:

Բուժաշխատողների՝ հեպատիտ C-ով վարակման վտանգը մեծ է աշխատանքի ժամանակ՝ հիվանդանոցներում վարակված արյան դեպքում` տրավմաների հետ գործ ունենալիս:

Բժշկական հաստատություններում հեպատիտ C-ով վարակման վտանգը մեծ է հիմնականում զարգացող երկրներում: Սանիտարական նորմերի կոպիտ խախտումների դեպքում հիվանդանոցային ցանկացած կաբինետ, որտեղ իրականացվում են բժշկական գործողություններ, կարող է դառնալ վարակի օջախ:

Հաճախ հեպատիտ C-ով վարակման հստակ աղբյուրն այդպես էլ հնարավոր չի լինում պարզել:

Ինչպե՞ս է փոխանցվում վարակը

Վարակումը մեծամասամբ տեղի է ունենում հեմատոգեն, պարենտերալ (արյան միջոցով): Առավել հաճախ վիրուսով վարակումը կատարվում է ընդհանուր օգտագործման ասեղի պատճառով:

Վարակումը հնարավոր է  նաև ածելիների, մանիկյուրի պարագաների, նույնիսկ, ատամի խոզանակների ընդհանուր օգտագործման պարագայում:

 

Զարգացած երկրներում հեպատիտ C-ով վարակումը քիչ հավանական է ստոմատոլոգիական կենտրոններում, ինչը չի կարելի ասել հետամնաց կամ զարգացող երկրների մասին:

Վարակումը սեռական ճանապարհով

Հեպատիտ C-ի սեռական ճանապարհով վարակումը քիչ հավանական է: Անպաշտպան սեռական հարաբերության պարագայում, վարակման հավանականությունը 3-5% է: Վտանգը նվազագույն է մոնոգամ ամուսնական կապի դեպքում: Օրալ սեքսի գործոնը՝ որպես հեպատիտ C-ով վարակման պատճառ, դեռևս անհայտ է:

Հեպատիտ C-ով հիվանդ կամ վիրուսակիր մարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցած անձանց խորհուրդ է տրվում մշտապես կիրառել պահպանակներ: Թեև, մարդու արտաքին տեսքից անհնար է եզրակացնել՝ արդյո՞ք նա հիվանդ է հեպատիտով, թե՝ ոչ:

Հեպատիտ C-ի փոխանցումը մորից երեխային

Վարակակիր մորից երեխային վիրուսի փոխանցումը հազվադեպ կարելի է համարել՝ ոչ ավելի, քան 5% դեպքերում: Վարակումն առավել հավանական է ծննդաբերության ընթացքում:

Մեծամասամբ, երեխաները ծնվում են առողջ:

Հեպատիտ C-ով հիվանդ մոր՝ կրծքով կերակրման դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, եթե մայրը նկատում է կրծքագեղձի մաշկի ամբողջականության խախտում, վնասում, արյունահոսություն:

Տեղի՞ է ունենում արդյոք հեպատիտ C-ի վարակի փոխանցում սովորական շփման ժամանակ

Հեպատիտ C-ն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով (խոսքի ընթացքում, փռշտալիս, թքի միջոցով), ձեռքսեղմման, գրկախառնության ժամանակ, ընդհանուր սպասքից օգտվելիս, սննդի կամ ընպելիքների միջոցով:

Հեպատիտ C-ով հիվանդ կամ վարակակիր անձինք չպետք է մեկուսացված լինեն հասարակությունից, ընտանիքից, նրանց համար պետք չէ ստեղծել հատուկ պայմաններ աշխատավայրում, ուսման վայրում և այլուր:

Ինչպե՞ս հասկանալ, կա՞ արդյոք ինձ մոտ հեպատիտ C-ով վարակված լինելու վտանգ

Գոյություն ունեն մարդկանց խմբեր՝ վարակման ավելի բարձր ռիսկայինությամբ:

Բարձր ռիսկային

Ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդիկ Մարդիկ, ում կատարել են արյան մակարդման գործոնների փոխպատվաստում մինչև 1987 թվականը

Միջին ռիսկային

Հեմոդիալիզի ենթարկված պացիենտներ («արհեստական երիկամի» ապարատ) Մարդիկ, ում կատարել են օրգանների կամ արյան փոխպատվաստում մինչև 1992 թվականը Լյարդի չախտորոշված հիվանդություններ ունեցող մարդիկ Վարակակիր մայրերի նորածին երեխաներ

Թույլ ռիսկային

Բուժաշխատողներ և սանիտարա-համաճարակային ծառայության աշխատակիցներ Սեռական շատ զուգընկերներ ունեցած անձինք Վարակակիր սեռական զուգընկեր ունեցող անձինք

Ի՞նչ անել, եթե ընտանիքում կա հեպատիտ C վարակակիր/հիվանդ

Հեպատիտ C հիվանդ կամ վարակակիր անձը պետք է պահպանի որոշակի կանոններ՝ ընտանիքի անդամներին վիրուսի փոխանցումը կանխելու համար, այդ թվում՝

չհանդիսանալ արյան կամ օրգանների դոնոր, մի քանի հոգով չօգտագործել խնամքի այնպիսի պարագաներ, որոնք կարող են վարակի փոխանցման պատճառ դառնալ՝ ածելիներ, էպիլյատոր, ատամի խոզանակ և ատամնաթել, մանիկյուրի պարագաներ, վերքերի կամ վնասվածքների դեպքում փաթաթել, ծածկել դրանք բինտով կամ  բժշկական կպչուն ժապավենով, որպեսզի արյան հոսք չլինի դեպի դուրս (եթե անհրաժեշտ է վարակակրին բժշկական օգնություն ցուցաբերել, վիրակապ դնել՝ անել դա միայն բժշկական ձեռնոցներով):

Սահմանված է, որ հեպատիտ C-ի վիրուսը արտաքին միջավայրում (օրինակ՝ չորացած արյան կաթիլների մեջ) կենսունակ է մինչև 4 օր: Այդ պատճառով, բոլոր այն վայրերը, որտեղ հնարավոր է ընկած լինեն վարակակրի արյան կաթիլներ, պետք է մշակել հատուկ դեզինֆեկցիայի համար նախատեսված լուծույթով, օրինակ՝ քլոր պարունակող լվացող միջոցներով: