Հիշեցնենք, որ հունիսի 26-ին, հացադուլից հետո, մահացել է Haynews.am կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանը։
Այս առիթով Արթուր Դանիելյանը գրել է, որ «Էս տեքստը հրապարակելուց մոտ մեկ ամիս անց Մհեր Եղիազարյանը ձերբակալվեց, ևս մոտ մեկ ամիս անց մահացավ բանտում»
Ներկայացնում ենք այն ստորև՝
«24 Հոկտեմբերի 2018, 14:20
Բայց այն, ինչ տեղի ունեցավ ժամեր առաջ ԱԺ ամբիոնից, արդեն որպես ՀՀ վարչապետի պաշտոնակատար ու վարչապետի թեկնածու, որպես պետական այր, նրա արտահայտած մտքերին չանդրադառնալ չեմ կարող:Դեռևս հոկտեմբերի 19-ին՝ Սյունիքի մարզկենտրոն Կապանի հրապարակում նախընտրական հանրահավաքի ժամանակ, Նիկոլ Փաշինյանի արտահայտած որոշ մտքերի ցանկանում էի անդրադառնալ, սակայն, մտածելով, որ դա նախընտրական ու քաղաքական ելույթ է, չանդրադարձա:
Հարգելի Փաշինյան, կա՛մ Ձեզ Սյունիքի մարզից Ձեր ներկայացուցիչները տալիս են սխալ ու խեղաթյուրված տեղեկատվություն, կա՛մ դուք միտումնավոր այդպես էլ չկարողացաք ըմբռնել սյունեցու հոգեբանությունը:
Սյունեցին ամուր է կանգնած իր հող ու ջրին, դարեր շարունակ եղել է, կա ու լինելու է հայոց պետականության հենասյունը, և պատահական չէ, որ հոկտեմբերի 21-ին ՏԻՄ ընտրությանը մասնակցությունը քաղաքացիական պարտքը կատարելու իմաստով ամենաբարձրը գրանցվեց Սյունիքում այն դեպքում,
երբ Ձեր նշած «հեղափոխական» թեկնածուներին ընտրելու համար մասնակցում էին ընդամենը ընտրողների ոչ ավելի, քան 1/3-ը: Եվ այսօր առնվազն 10.000 ընտրողի կարծիքը համարել քրեաօլիգարխիայի, հանցագործների կարծիք՝ ուղղակի, մեղմ ասած, հարիր չէ պետական պաշտոնյային:
Եթե Ձեզ չեն տեղեկացրել, որ Կապանի քաղաքապետ ընտրված Գևորգ Փարսյանը մարզկենտրոնում հարգանք, համակրանք և ընդունելի ընտանիքի զավակ է, իսկ Գևորգն իր ապրած կյանքով ոչ միայն շարունակել է գերդաստանի ավանդույթները, այլև իր մարդամոտ բնավորությամբ կարողացել է վայելել իր համաքաղաքացիների լիարժեք վստահությունը, ապա իմացեք:
Հոկետմբերի 21-ի գիշերը Կապանի փողոցներում բազմահազար մարդիկ նշում էիր իրենց հաղթանակը․ դա շատ ավելին էր, քան ապրիլի 23-ի երևանյան իրադարձությունները:
Հարգելի Փաշինյան, մեկ անգամ ևս հիշեցնեմ, որ Ձեր նշած քրեաօլիգարխիայով, հանցագործությունների և այլնի տվյալներով Սյունիքը հանրապետության մյուս բնակավայրերի հետ համեմատ շատ ու շատ ավելի նախանձելի պլանում է:
Որպես տեղեկատվություն ընդունեք, որ Կապանը միշտ իր քաղաքական ինքնուրույն կամարտահայտությամբ առանձնացել է թե՛ տեղական, թե՛ համապետական ընտրություններում:
Լիահույս եմ, որ Դուք, լինելով վաստակաշատ լրագրող և տաղանդավոր քաղաքական գործիչ, գիտեք մեծն սյունեցի գուսան Աշոտի՝ «Սյունաց հողն անարատ է, չարի սերմը բույն չի դնի, անարմատ է…» խոսքերը:
Քանի դեռ Սյունիքն ամբողջությամբ չի ալեկոծվել Ձեր ելույթի տպավորությամբ, խնդրում եմ Ձեզ՝ օգտագործեք Ձեր սիրելի լայֆը, դիմեք Սյունիքի ժողովրդին՝ պարզաբանելով Ձեր ելույթի ենթատեքստը, որն այս պահին խիստ անհրաժեշտ է:
Հարգանքով՝ հասարակական-քաղաքական գործիչ Մհեր Եղիազարյան»։