Այս սեզոնի ընթացքում գրիպը եւ սուր շնչառական վարակները շարունակում են ակտիվորեն տարածվել: Ուստի մենք հարկ ենք համարում եւս մեկ անգամ հիշեցնել, թե ինչ է գրիպն ու ինչպես կարելի է պաշտպանվել դրանից:
Գրիպը լայնորեն տարածված վիրուսային հիվանդություն է, որի հարուցիչն ախտահարում է շնչուղիների լորձաթաղանթը: Հազալու, փռշտալու եւ խոսելու ժամանակ լորձի փոքրիկ մասնիկները վիրուսի հետ միասին արտազատվում են արտաքին միջավայր եւ վարակում շրջապատի մարդկանց։
Գրիպի հարուցիչները Ա, Բ եւ Ց տեսակի վիրուսներն են։ Վարակի աղբյուրը հիվանդ մարդն է, որը շրջապատի համար վտանգավոր է հիվանդության առաջին օրից մինչ լրիվ ապաքինումը։
Գրիպով հիվանդանում են բոլոր տարիքի անձինք: Վիրուսի հանդեպ ընկալունակությունը շատ բարձր է: Հիվանդությունից հետո իմունիտետը բավականին թուլանում է՝ վիրուսի նոր հատկություններ ձեռք բերելու հետեւանքով:
Գրիպի հիմնական ախտանշանները հետևյալն են.
• ջերմություն (39-40°)
• հազ
• կոկորդի ցավ
• մարմնի ջարդվածության զգացողություն
• հոգնածություն
• գլխացավ
ՀՀ առողջապահության նախարարությունը հորդորում է հետեւել վարվեցողության կանոններին՝ գրիպով չհիվանդանալու եւ առողջ մարդկանց չվարակելու համար.
Եթե զգում եք, որ ձեր զրուցակիցն առողջ չէ, ջանացեք նրանից հնարավորինս հեռու մնալ, իսկ իդեալականն այն կլինի, որ նրան խնդրեք բժշկական դիմակ կրել: Ծայրահեղ դեպքում Դուք ինքներդ կարող եք դիմակ կրել, բայց փակ տարածքներում, ոչ թե փողոցում: Շատ մասնագետներ խորհուրդ են տալիս բազմամարդ վայրերում, օրինակ` հերթերում համենայն դեպս դիմակ կրել:
Մասնագետները ծայրաստիճան զգուշավորություն են խորհուրդ տալիս ռիսկի խմբի մեջ մտնող մարդկանց` դիաբետով հիվանդներին, սիրտ-անոթային հիվանդություններով մարդկանց, ինչպես նաեւ երեխաներին, հղի կանանց եւ տարեցներին:
Նյութը հրապարակման պատրաստեց Goodinfo-ն