Article image
Կարելի՞ է արդյոք նորածնին բարուրել. պարզաբանում է մասնագետը

Կարելի՞ է եւ պե՞տք է արդյոք բարուրել երեխային: Ինչպես Հայաստանում, այնպես էլ ամբողջ աշխարհում երիտասարդ ծնողների մեծ մասին հուզող այս հարցին NEWS.am Medicine-ի հետ զրույցում պատասխանեց մանկաբույժ, մանկաբուժության ամբիոնի ասիստենտ Աննա Բալյանը:

«Նորածիններին բարուրել խորհուրդ չի տրվում: Պետք է երեխային բամբակյա կամ բրդյա ազատ հագուստ հագցնել: Երեխայի ձեռքերը պետք է ազատ լինեն»,- ասաց մանկաբույժը:

Ավագ սերնդի մարդիկ, իհարկե, մի շարք փաստարկներ կբերեն հօգուտ բարուրելու, բայց ժամանակակից բժիշկներն իրենց հակափաստարկներն ունեն, եւ դրանք բավական լուրջ են: Բժիշկ Բալյանի խոսքով՝  բարուրելը բացարձակապես ոչ մի առավելություն չունի:

«Նույնիսկ ընդհակառակը՝ բարուրելը կարող է մի շարք պատճառներով վտանգավոր լինել»,- նշեց նա: Եվ այսպես, ինչո՞վ կարող է վտանգավոր լինել նորածին երեխային բարուրելը.

Կոնքազդրային հոդի հետ կապված խնդիրներ

Առաջին հերթին, ինչպես նշեց բժիշկ Բալյանը, եթե երեխան կոնքազդրային հոդի հետ կապված որեւէ խնդիր ունի, բարուրելը միայն նպաստում է դրանց խորացմանը: «Եթե երեխային չեն բարուրում, նա ազատորեն շարժվում է, եւ նրա հոդերը լիարժեք զարգանում են: Իսկ եթե երեխային, որը հոդերի հետ կապված խնդիրներ ունի, անընդհատ բարուրել, նա կարող է կոնքազդրային հոդի խախտում ունենալ»,- ասաց մանկաբույժը՝ երիտասարդ ծնողներին եւս մեկ անգամ հիշեցնելով, որ երեխայի հոդերը կարող են նորմալ զարգանալ, եթե դրանք ճիշտ, բնական դիրքում են:

Հիպոթերմիա

Հաջորդ վտանգը, որն առկա է բարուրելու դեպքում, հիպոթերմիան է: Բժիշկը բացատրեց, որ երբ երեխային բարուրում են, մաշկի եւ տակաշորերի միջեւ օդ գրեթե չի մնում, եւ երեխայի մարմնի համար բավական դժվար է լինում պահել տաքությունը: «Դա նման է շատ կիպ կոշիկ կրելուն՝ արյան շրջանառությունը դանդաղում է, եւ ոտքերը սկսում են սառել»,- բացատրում է բժիշկը:

Խնդիրներ կրծքով կերակրելու դեպքում

Երեխային բարուրելը կարող է նաեւ մի շարք խնդիրներ առաջացնել կրծքով կերակրելու դեպքում.

Առաջին՝ երեխան, որին բարուրում են, ավելի շատ է քնում եւ ավելի քիչ ուտում: «Մոր կրծքի կաթն առաջանում է՝ կախված այն բանից, թե որքան է ուտում երեխան: Եթե երեխան շատ քնի եւ քիչ ուտի, մոր կաթը գնալով կքչանա»,- ասաց բժիշկ Բալյանը:

Երկրորդ՝ եթե երեխային ամուր բարուրում են, նրա համար դժվարանում է գլուխը շարժելը եւ կուրծքը ճիշտ բռնելը, ինչը եւս խանգարում է կրծքով կերակրելուն:

Երրորդ՝ մինչեւ 6 ամսական երեխաները հաճախ տառապում են  մետեորիզմով, այսինքն՝ բարձր գազագոյացությամբ: Եթե երեխան ազատորեն շարժվում է, նրա գազերն ինքնուրույն դուրս են գալիս: Բայց եթե երեխային բարուրում են, նա չի կարողանում շարժվել եւ ավելի անհանգիստ է դառնում:

Չորրորդ՝ տակաշորերը հաճախ ճնշում են երեխայի ստամոքսն ու աղիները՝ կրծքով կերակրելու ժամանակ լրացուցիչ խնդիրներ առաջացնելով՝ երեխան չի կարողանում ուտել այնքան, որքան իրեն պետք է:

Մեկ րոպեում շնչառության ծավալի փոքրացում

Բարուրելու դեպքում նաեւ նվազում է երեխայի շնչառության ծավալը մեկ րոպեում եւ թոքերի օդափոխումը: Քանի որ ստոծանու շարժումները սահմանափակվում են, երեխայի համար ավելի դժվար է լինում շնչել: Բացասական ազդեցություն նյարդամկանային համակարգի զարգացման վրա Բժիշկ Աննա Բալյանը նաեւ նշեց, որ բարուրելը բացասաբար է ազդում նաեւ երեխայի նյարդամկանային համակարգի զարգացման վրա: Պատճառը նույնն է՝ երեխան չի կարողանում նորմալ շարժվել: «Որքան էլ կոպիտ հնչի, բարուրելը ֆիզիկական բռնության տարատեսակ է»,- եզրափակեց բժիշկ Բալյանը: